ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Հայաստանի Սահմանադրության[1] 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

«Մարդու իրավունքներ» արտահայտությունը հանրաճանաչ արտահայտություն է, քանի որ մեր օրերում չկան այնպիսի անձինք, ովքեր գոնե մեկ անգամ լսած չլինեն այս արտահայտության մասին։ Մարդու իրավունքների սահմանման վերաբերյալ կան բազմաթիվ բացատրություններ տարբեր մասնագետների կողմից։ Դրանցից որոշներն էլ հաճախ այնքան տարբեր են լինում, որ հակասությունների տեղիք են տալիս։ Սակայն ավելի հաճախ օգտագործվում են մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ սահմանումերը[2]:

  1. Մարդու իրավունքները կոչված են ապահովելու յուրաքանչյուր անձի` հասարակության մնացած անդամների և պետական մարմինների կողմից իր մարդկային արժանապատվությանն ու պատվին համապատասխան վերաբերմունքի արժանանալու իրավունքը:
  2. Մարդու իրավունքներն ամեն տեսակ անարդարությունների դեմ պայքարելու բարոյապես արդարացված միջոց են:
  3. Մարդու իրավունքներն ստիպում են, որ դատարաններն ու ոստիկանությունը պաշտպանեն հանցագործներին և ահաբեկիչներին` ի հաշիվ ժողովրդի մեծամասնության միջոցների և անվտանգության:

Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։ Սահմանման բովանդակությունից պարզ է դառնում, որ մարդու իրավունքները հիմնարար և անօտարելի իրավունքներ են, որոնք մարդը ձեռք է բերում ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Մարդու իրավունքների դոկտրինը իր ազդեցությունն է ունեցել միջազգային իրավունքի, համաշխարհային և տարածաշրջանային կառույցների վրա։ Պետությունների և ոչ պետական կազմակերպությունների գործունեության արդյունքում ձևավորվում է համաշխարհային քաղաքականությունը։ Մարդու իրավունքները իրենցից ենթադրում են՝ եթե համաշխարհային խաղաղաստեղծ հանրությունը ունի մեկ ընդհանուր բարոյական լեզու, ապա դա հենց մարդու իրավունքներն են։ Մարդու իրավունքների բովանդակության, ծագման, արդարացիության մասին պնդումները առ այսօր թերահավատության բանավեճի առարկա են դառնում։ «Իրավունք» տերմինի նշանակությության վերաբերյալ կան շատ հակասություններ, և դրանք ևս շատ հաճախ բանավեճերի առարկա են դառնում։ Սակայն համաձայնություն կա այն մասին, որ «մարդու իրավունքներ»-ը լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է տարատեսակ իրավունքներ, ինչպիսիք են՝ արդար դատավարության իրավունքը, ստրկության չենթարկվելու իրավունքը, ցեղասպանության բացառումը, ազատ խոսքի իրավունքը կամ կրթության իրավունքը։ Ինչպես նաև կան հակասություններ այն մասին, թե այս իրավունքներից որոնք պետք է ներառվեն մարդու իրավունքների ընդհանուր շրջանակում։ Որոշ մասնագետների կարծիքով՝ մարդու իրավունքները պետք է լինեն այն նվազագույն պահանջները, որոնք պետք է կանխեն իրավունքների չարաշահումները, իսկ մասնագետների մյուս մասը կարծում է, որ դրանք ավելի բարձր չափորոշիչներ են։

Մարդու իրավունքների շարժման հիմնական գաղափարները զարգացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից և Հոլոքոսթից[3] հետո։ Իրենց զարգացման գագաթնակետին են հասել 1948 թվականին Փարիզում, երբ ՄԱԿ-ի Գերագույն խորհուրդը ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Հին ժամանակներում մարդիկ չունեին մարդու իրավունքների վերաբերյալ այսօրվա ժամանակակից ընկալումները: Մարդու իրավունքների գաղափարական առաջատարը բնական իրավունքն էր, որն ի հայտ է եկել որպես միջնադարյան բնական օրենքի ավանդույթ և գերակա է դարձել Եվրոպական Լուսավորության դարաշրջանում[4] այնպիսի փոլիսոփաների շնորհիվ, ինչպիսիք են՝ Ջոն Լոքը, Ֆրանսիս Հաչիսոնը, Ժան ժակ Բորլամեկին, ովքեր իրենց ուրույն տեղն են գտել Ամերիկյան և Ֆրանսիական հեղափոխությունների[5] ընթացքում։ Մինչև 20-րդ դարի վերջը մարդու իրավունքների վերաբերյալ ժամանակակից պնդումները զարգանում էին որպես հակազդեցություն ընդդեմ ստրկության, խոշտանգումների, ցեղասպանության և պատերազմների, որպես մարդու խոցելիության պաշտպան և արդար հասարակության երաշխիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *