Բասկետբոլ խաղի մասին

Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ երկու հակառակորդ թիմերը, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում կազմված է լինում 5 խաղացողներից, պայքարում են ուղղանկյունաձև կորտում, 24 սմ տրամագծով բասկետբոլի գնդակը հակառակորդի՝ 3,048 մ բարձրության վրա տեղադրված, վահանակին ամրացված 46 սմ տրամագիծ ունեցող զամբյուղի մեջ գցելու համար, միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Երբ գնդակը հայտնվում է զամբյուղում ցանկացած տեսակի նետումով (բացի տուգանային նետումից), թիմը ստանում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Կոպիտ խաղի դեպքում, ժամանակը կանգնեցվում է և այն խաղացողը ում հանդեպ կատարվել էր խախտումը ստանում է 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումների (Free throw) հնարավորություն (տեխնիկական խախտման դեպքում նույնպես տրվում է 1 միավորանոց ազատ նետման հնարավորություն)։ Խաղում հաղթում է այն թիմը, որը խաղի ընթացքում վաստակում է ավելի շատ միավորներ, իսկ եթե խաղի հիմնական ժամանակը ավարտվում է «ոչ-ոքի» արդյունքով` նշանակվում է հավելյալ ժամանակ։

Ստեղծում

1891 թվականին՝ դեկտեմբերի սկզբին կանադացի պրոֆեսոր և ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Երիտասարդ տղամարդկանց քրիստոնեական ասոցիացիայի միջազգային մարզական դպրոցի (YMCA) (ներկայումս՝ Սփրինգֆիլդ քոլեջ) մարմնակրթության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթը փորձում էր անձրևոտ օրերին նույնպես արդյունավետ անցկացնել իր մարմնակրթության դասերը։ Նա ձգտում էր ստեղծել փակ տարածքում անցկացվող խաղ, որպեսզի Նոր-Անգլիա շրջանի երկար ձմեռային շրջանում աշակերտները կարողանան պահպանել լավ ֆիզիկական վիճակը։ Գոյություն ունեցող այլ խաղերը համարելով շատ կոպիտ կամ ոչ արդյունավետ՝ նա ձեռնամուխ է լինում իր խաղը ստեղծելուն. գրում է նոր խաղի կանոններ և ձեռքի տակ եղած դեղձի զամբյուղը ամրացնում է պատին՝ հատակից 3 մետր բարձրության վրա։ Ի տարբերություն ներկայիս բասկետբոլի զամբյուղների՝ այդ դեղձի զամբյուղը ուներ փակ հատակ և ամեն անգամ գնդակները նետելուց հետո բարձրանալու և դրանք զամբյուղից հանելու անհրաժեշտություն էր առաջանում։ Բայց այս անհարմարությունը երկար չտևեց՝ շուտով զամբյուղի հատակը հեռացրին, ինչը հնարավորություն տվեց երկար ձողով, տակից հրելու միջոցով՝ գնդակները դուրս բերել զամբյուղից։

Ի սկզբանե, բասկետբոլը խաղացել են ֆուտբոլային գնդակով։ Այն ժամանակ ֆուտբոլի կլոր գնդակների մեջ փչվող օդախցիկը տեղադրելու համար նախատեսված էր բացվածք, որը փակվում էր դրսից քուղերով կարելու միջոցով։ Քուղերի օգտագործումը անհարթ էր դարձնում գնդակի մակերեսը, որի պատճառով գետնանց փոխանցումների ժամանակ գնդակի հետցատկի ուղղությունը հաճախ կարող էր լինել անկանխատեսելի։ Ի վերջո հայտնագործվում է առանց դրսի կարի գնդակների պատրաստման մեթոդ, և խաղում այդպիսի գնդակների օգտագործումը հավանության է արժանանում Ջեյմս Նեյսմիթի կողմից։ Հատուկ բասկետբոլի համար առաջին գնդակները եղել են շագանակագույն և միայն 1950-ականների վերջում գնդակը՝ խաղացողների և հանդիսատեսի համար ավելի տեսանելի դարձնելու նպատակով, Թոնի Հայնքլը ներկայացնում է նարնջագույն գնդակները, որոնք բասկետբոլում օգտագործվում են մինչ օրս։ Սկզբնական շրջանում բասկետբոլի կանոններով գնդակի վարում՝ դրիբլինգ, նախատեսված չի եղել, բացառությամբ թիմակիցներին գետնանց՝ անդրադարձով փոխ­անց­ում կատարելը (գնդակի տեղափոխումը խաղահրապարակի մի կետից մյուսը կատարվել է փոխանցումների միջոցով)։ Հետագայում բասկետբոլի կանոնների մեջ մտցվում է վարումը (Dribbling): 1896 թվականին վարումը բասկետբոլում արդեն տարածված էր, իսկ 1898-ին կիրառության մեջ է մտնում կրկնակի վարումը (Double dribble) արգելող կանոնը։

Դեղձի զամբյուղներն օգտագործվել են մինչև 1906 թվականը, որից հետո դրանք փոխարինվել են վահանակին (հետնապատին) ամրացված մետաղական օղակներով։ Այս փոփոխությամբ գնդակը հեշտությամբ անցնում էր օղակի միջով, և ամեն անգամ, երբ մարզիկը գնդակը գցում էր զամբյուղը նրա թիմը ստանում էր միավոր։ Խաղի ընթացքում ավելի շատ միավորներ ձեռք բերած թիմը հաղթում էր։ Մինչ այս փոփոխությունը զամբյուղները առանց հետին պատը ամրացվում էին խաղահրապարակի վերին հարթակի փայտե ճաղերին, բայց դա՝ այնքան էլ ճիշտ չէր, քանի որ այնտեղ գտնվող հանդիսատեսը հաճախ խանգարում էր նետումների ժամանակ։ Խնդրի լուծման համար ստեղծեցին հետին «պատը»՝ վահանակը և այն հնարավորություն տվեց ոչ միայն պաշտպանել խաղը հանդիսատեսի միջամտությունից, այլև կատարել այնպիսի նետումներ, որոնց ժամանակ գնդակը զամբյուղում էր հայտնվում վահանակից անդրադարձի արդյունքում։ Ջեյմս Նեյսմիթի ձեռագիր նոթատետրերը, որոնք 2006 թվականին հայտնաբերվել են նրա թոռնուհու կողմից, վկայում են այն մասին, որ բասկետբոլի որոշ կանոններ Նեյսմիթը վերցրել էր «Բադիկը քարի վրա» մանկական խաղից և անհանգստացած էր իր հայտնագործած խաղի ապագայի համար, քանի որ շատ նմանատիպ փորձեր նախկինում ձախողվել էին։

Ֆրենկ Մեհենը, ով Նեյսմիթի ստեղծած խաղի առաջին խաղացողներից մեկն էր, 1892 թվականին ամանորյա հանգստյան օրերից հետո մոտենում է նրան և հարցնում է, թե ինչպես է պլանավորում անվանել խաղը։ Նեյսմիթը պատասխանում է, որ դեռ չի հասցրել մտածել այդ մասին, քանի որ պարզապես ցանկանում է, որ մարդիկ հետաքրքրվեն իր խաղով։ Ֆրենկը առաջարկում է այն անվանել «Նեյսմիթի գնդակ», ինչի կապակցությամբ Նեյսմիթը ծիծաղելով ասում է «այդ անունը կսպանի ցանկացած խաղ»։ Արդյունքում Մեհենը առաջարկում է խաղը կոչել բասկետբոլ (Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից)։

Բասկետբոլի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել 1892 թվականի հունվարի 20-ին Նյու Յորք նահանգի YMCA դպրոցում։ Խաղը, որին մասնակցել են 9 խաղացողներ, ավարտվել է 1 ։ 0 հաշվով,  իսկ հաղթական նետումը կատարվել է զամբյուղից 7,6 մետր հեռավորությունից։ Խաղադաշտն  իր չափերով եղել է 2 անգամ փոքր ներկայիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)խաղադաշտերից։
Այն ժամանակ ֆուտբոլ խաղում էին 10 հոգանոց թիմերով (մարզիկների քանակը հետագայում փոխվեց 11-ի)։ Երբ ձմռանը եղանակը դառնում էր ոչ բարենպաստ ֆուտբոլ խաղալու համար, ֆուտբոլային թիմի մարզիկները բաժանվում էին 2 թիմի, յուրաքանչյուրում՝ 5 հոգի և փակ տարածքում խաղում էին բասկետբոլ։ Հետագայում 1897-1898 թվականներին 5 հոգանոց թիմերը դարձան ստանդարտ։

Բասկետբոլը քոլեջում
Բասկետբոլը մեծ տարածում է գտնում ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ դրա կողմնակիցները տեղափոխվում են YMCA դպրոցներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։ 1895 թվականին բասկետբոլը՝ որպես մարզաձև կայանում է նաև կանանց մի քանի ավագ դպրոցներում։ Այս ժամանակ YMCA-ն պատասխանատու էր բասկետբոլի նախնական զարգացման և տարածման համար, սակայն կոպիտ խաղերն ու աղմկոտ ամբոխը շեղում են YMCA-ին իր հիմնական առաքելությունից։ Այնուամենայնիվ այլ սպորտային ակումբները, քոլեջները արագ լրացրին ստեղծված բացը։ Իսկ Առաջին համաշխարային պատերազմին նախորդող տարիներին, Սիրողական աթլետիկ միությունը (AAU) և ԱՄՆ-ի ուսանողական սպորտաձևերի ասոցիացիան (Intercollegiate Athletic Association of the United States) (1910 թվականին այդ մարմինը փոխեց իր անվանումն Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցացիա (NCAA) պայքարում էին բասկետբոլի կանոնները վերահսկելու համար։

Առաջին պրոֆեսիոնալ լիգան՝ Ազգային Բասկետբոլի Լիգան (NBL) ստեղծվել է 1898 թվականին խաղացողներին շահագործումից պաշտպանելու և կոպիտ խաղը կանխելու նպատակով։ Այս լիգան գործել է ընդամենը 5 տարի։

Ջեյմս Նեյսմիթը մեծ դեր է ունեցել քոլեջում բասկետբոլի զարգացման գործում։ Նրա գործընկեր Ք. Օ. Բեյմիսը YMCA-ի հետ խաղից ընդամենը մեկ տարի անց Պիտսբուրգի Ջինեվայի Քոլեջում (Pittsburgh Geneva College) ստեղծեց քոլեջի բասկետբոլի առաջին թիմը։ Ավելի ուշ Կանզասի համալսարանում (University of Kansas) վեց տարի մարզչի գործունեություն ծավալելուց հետո Նեյսմիթն իր տեղը զիջեց հայտնի մարզիչ Ֆորեստ «Ֆոգ» Ալենին։ Նեյսմիթի աշակերտ Ամոս Ալոնսո Ստագը բասկետբոլը Չիկագոյի համալսարան է (University of Chicago) բերում, մինչ Ադոլֆ Ռուպը՝ Նեյսմիթի աշակերտը, Կանզասում մեծ հաջողութան է հասնում Կենտուկիի համալսարանի մարզիչի դերում:1895 թվականի փետրվարի 9-ին Հեմլայնի համալսարանում տեղի է ունեցել առաջին միջքոլեջային խաղը Հեմլայինի համալսարանի և Մինեսոտայի համալսարանի մասնաճյուղ հանդիսացող Գյուղատնտեսության դպրոցի միջև։ Խաղում հաղթեց Գյուղատնտեսության դպրոցը 9-3 հաշվով։

1901 թվականին Չիկագոյի, Կոլումբիայի, Կորնելի, Մինեսոտայի, Կոլորադոյի, Եյլի համալսարանները,  ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան, Դարտմուտի քոլեջներ և այլք սկսեցին ֆինանսավորել տղամարդկանց բասկետբոլի խաղերը։

Կանադայում միջհամալսարային բասկետբոլի առաջին խաղը անցկացվել է 1904 թվականի փետրվարի 6-ին Քինգսթունում գտնվող YMCA դպրոցում։ Մակհիլի համալսարանը խաղաց Թագուհու համալսարանի հետ, հաղթելով 9-7 հաշվով ավելացված ժամանակում։

1937 թվականին կազմակերպվել է տղամարկանց առաջին ազգային մրցաշարը՝ Միջքոլեջային բասկետբոլի ազգային ասոցացիայի մրցաշարը (NAIA Men’s Basketball Championship), որը մինչ հիմա գործում է, որպես Միջքոլեջային աթլետիկ ազգային ասոցացիայի մրցաշար (National Association of Intercollegiate Athletics (NAIA) tournament):

Իսկ 1938 թվականին Նյու Յորքում կազմակերպվել է NCAA թիմերի համար առաջին ազգային մրցաշարը՝ Ազգային հրավերք մրցաշարը (NIT): 1 տարի անց սկիզբ առավ նաև NCAA-ի ազգային մրցաշարը (NCAA national tournament): 1948- 1951 թվականներին NIT-ին կորցրեց NCAA մրցաշարի աջակցությունը, երբ լավագույն թիմերից տասնյակ խաղացողներ մեղադրվել են անարդարությունների մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *